«Չեչնիան զինյալներ է պատրաստում բարբարոս պսևդոխալիֆաթի դեմ պայքարելու համար»,- Россия 1 հեռուստաընկերության եթերում հայտարարել է հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ ներկայացնելով Սիրիա մեկնել պատրաստվող ռուսական հատուկ ջոկատայինների վարժանքների մասին պատմող հաղորդման անոնսը։
Դատելով չորեքշաբթի օրը եթեր հեռարձակվելիք հաղորդման անոնսից՝ Չեչնիայի տարածքում ստեղծվել է հատուկ ճամբար, որտեղ հատուկ ստորաբաժանումները նախապատրաստական աշխատանքներ են անցկացնում՝ Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ ստորաբաժանումների զինյալների մեծ մասը չեչեններ են։
«Եկել է ժամանակը պատմելու նրանց մասին, ովքեր սեփական կյանքի գնով ապահովում են ռուսական օդուժի հաջողությունները գետնի վրա»,- ասվում է հաղորդման անոնսի մեջ։
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հաստատել է, որ վերջերս մի քանի չեչեն զինծառայողներ են Սիրիայում զոհվել։ «Ոչ մի անուն»,- նախազգուշացնում է հաղորդման հեղինակը։ «Այո՛, եղել են կորուստներ, բայց այդ մարդիկ գիտեին՝ ուր են գնում և հանուն ինչի»,- ասել է Կադիրովը՝ շարունակելով.- «Որպեսզի հետագայում Չեչնիայի տարածքում և Ռուսաստանում ընդհանուր առմամբ կյանքը հանգիստ լինի»։