Մատչելիության հղումներ

Մերկելը «սարսափած է Սիրիայում ռուսական ռմբակոծության հետևանքով մարդկանց տանջանքներից»


Անգելա Մերկելը Անկարայում կայացած ասուլիսում, 8-ը փետրվարի, 2016թ.
Անգելա Մերկելը Անկարայում կայացած ասուլիսում, 8-ը փետրվարի, 2016թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե սարսափած է Սիրիայում ռուսական ռմբակոծության հետևանքով մարդկանց տանջանքներից։

«Վերջին օրերին մենք ոչ միայն ցնցված ենք, մենք սարսափած ենք այն բանից, թե ինչպիսի տանջանքներ են կրում հազարավոր մարդիկ առաջին հերթին ռուսական կողմի ռմբակոծություններից»,- հայտարարել է այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա ժամանած կանցլերը՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Մերկելը նաև հայտարարել է, թե սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է հետևեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը վերաբերում է Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությանը։

«Այդ բանաձևով Անվտանգության խորհուրդը պահանջում է, որպեսզի բոլոր կողմերն անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակչության և քաղաքացիական կառույցների դեմ ուղղված հարվածները, հրաժարվեն ցանկացած տիպի զենքից»,- ավելացրել է կանցլերը։

Ռուսաստանը Սիրիայում օդային հարվածներ սկսեց անցյալ սեպտեմբերի 30-ից՝ հայտարարելով, թե գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով։ Մոսկվան պնդում է, որ հարվածներ է հասցնում բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների և այլ ջիհադիստ զինյալների դիրքերին։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ Ռուսաստանի հասցեին մեղադրանքները հայտնվեցին ռուսական ռազմական գործողությունների հենց առաջին օրը. Ռուսաստանի ԱԳՆ-ում այդ մեղադրանքները որակել են «մտացածին» և Մոսկվայի դեմ տեղեկատվական հարձակումների վկայություն։

Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերին հրապարակված զեկույցի, Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից զոհվել է առնվազն 200 խաղաղ բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG