Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այսօր կուսակցության փոխնախագահ և Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին:
ՀԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկել են անցած սահմանադրական հանրաքվեի, դրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ և հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:
«Հայաստանի ներկա ընտրական համակարգն ուղղված է ոչ թե ժողովրդի կամարտահայտության իրականացմանը, այլ գործող իշխանությունների վերարտադրմանը, և պետք է համախմբել Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական ու քաղաքական նախաձեռնությունների, ինչպես նաև միջազգային հանրության ջանքերը՝ այդ համակարգը արմատապես փոխելու համար», - ասել է Զուրաբյանը։
Ռիչարդ Միլսն իր հերթին նշել է. - «Մեր հանձնառությանը հավատարիմ՝ մենք, հատկապես 2017 թվականի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանում ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության առաջընթացի շուրջ»:
Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը: