Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը այսօր հյուրընկալվել է Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Վրացական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այնուհետև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը: 2010 թվականից ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում, նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունում վրացական պատվիրակության հյուրընկալումը եզրափակվեց Օհանյանի և Խիդաշելիի համատեղ մամլո ասուլիսով:
Մանրամասները՝ քիչ անց