Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2015 թվականի դեկտեմբերի 30-ին ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի կողմից սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի համակարգման ուղղությամբ մեկ ամսում իրականացված կանխարգելիչ, կազմակերպչական և բուժական աշխատանքները։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նշվել է, որ ժամանակին ձեռնարկված արձագանքման և բազմակողմանի աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ բարձրացնել բնակչության զգոնությունը։
«Մարդկանց` բժշկական հաստատություններ շուտ դիմելու շնորհիվ հնարվորինս քիչ թվով ծանր դեպքեր արձանագրվեցին։ Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների բժիշկները, որ դեռ 2015 թվականի աշնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հատուկ վերապատրաստվել էին գրիպի ու դրա բարդությունների բուժման ուղղությամբ, կարողացան հարյուրավոր մարդկանց ապաքինել, շատերի կյանքը փրկել», - ասված է հաղորդագրությունում։
Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է, որ հանրապետությունում շարունակվում է գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիության նվազումը։ Ըստ Վանյանի, զգալի կրճատվել է հիվանդացությունը հղիների շրջանում։
Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն էլ ներկայացրել է հանրապետության դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում ջերմային ցուցանիշների ապահովման ուղղությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները։
Նախարարը հանձնարարել է շարունակել աշխատանքները հատկապես այն հաստատություններում, որտեղ արձանագրվել են ջերմային ցուցանիշների շեղումներ։
Նախարարությունը նշում է, որ քննարկվել է նաև հանրապետությունում գլխավոր սանիտարական բժշկի ինստիտուտի վերականգնման հարցը։