Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է և ձերբակալվել։
Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11.8 կմ հատվածում բախվել են «Մերսեդես Բենց» և «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները (2 տղամարդ և մեկ կին) ստացած վնասվածներից տեղում մահացել են, իսկ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:50-ին, բժշկական կենտրոնում հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի վարորդ Տ. Աբրահամյանը և ձերբակալվել»:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ, փոխանցում է Քննչական կոմիտեն: