Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է թիվ 9/11-ի ցուցակների հետ կապված իրավիճակը


Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն հրապարակեց, որում պարզաբանում է թիվ 9/11 ընտրատեղամասի ցուցակներում առկա՝ այլ համայնքներում հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը:

«ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Նշված դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, ըստ Ոստիկանության, նոյեմբերի 29-ն էր: «9/11 ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի քվեարկելու լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 81 անձինք, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այլ համայնքներում: Ընդ որում, նշված ցուցակում չեն կարող ընդգրկվել Երևան համայնքում հաշվառված անձինք, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը բացառում է նույն համայնքի տարածքում ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորություն (Երևանը մեկ համայնք է): Անհրաժեշտ է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ», - փոխանցում է Ոստիկանությունը՝ շարունակելով․ - «Վերը նշված նորմի պահանջները ապահովելու նկատմամբ հանրային վերահսկողություն կիրառելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են հստակ մեխանիզմներ: Մասնավորապես, հիմնական և լրացուցիչ ցուցակները փակցվել են տեղամասերում, դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում: ՀՀ ոստիկանությունը Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պարբերաբար հրապարակել է քվեարկությանը մասնակցող անձանց ընդհանուր թիվը, այդ թվում նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը՝ ըստ լրացուցիչ ցուցակների տեսակների»:

Ոստիկանությունը կոչ է անում «հրապարակումներ տարածելուց առաջ հետևել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավական մեխանիզմներին»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG