Մատչելիության հղումներ

Նալբանդյանը նախագահել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը Բելգրադում


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բելգրադում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր, անդրադարձել են ԵԱՀԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի օրակարգային հարցերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։

Անդրադարձ է արվել թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Նալբանդյանը նշել է, որ ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։

ՀԱՊԿ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավանություն են տվել դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերին, մտքեր փոխանակել ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG