Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը ԱՄՆ-ում հանդիպել է USDA-ի և USAID-ի ներկայացուցիչների հետ


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը USDA-ի քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ, ԱՄՆ, 21-ը հուլիսի, 2015թ.
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը USDA-ի քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ, ԱՄՆ, 21-ը հուլիսի, 2015թ.

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Կողմերը կարևորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում USDA-ի օժանդակությամբ վերջին տարիներին իրականացվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:

Զրույցի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ ընդլայնելու Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը USAID-ի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ, ԱՄՆ, 20-ը հուլիսի, 2015թ.
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը USAID-ի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ, ԱՄՆ, 20-ը հուլիսի, 2015թ.

Աշխատանքային այցի շրջանակում Սերգո Կարապետյանը հուլիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով գործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև հետագա համագործակցության հեռանկարները:

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Ուստի անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները, մշակել ու իրագործել նոր համատեղ ծրագրեր` դրանցում ներառնելով ոլորտի թիրախային խնդիրները», - ասել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը կարևոր և արդիական է համարել հատկապես կենդանիների համարակալման և հաշվառման իրականացումը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG