Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ. Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա


Լուսանկարը Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին և բարեկամական խմբի անդամներին:

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան - Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նախատեսված ժամկետներում տնտեսական ծրագրերի իրագործումը, ինչը, ըստ ԱԺ նախագահի, հնարավորություն կտա հարաբերությունների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ Ալի Քաիդին նշել է, որ այս հարցում Իրանի իշխանությունները վստահ են, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

Քառօրյա այցով ժամանած իրանցի խորհրդարանականների հետ նույն օրը հանդիպել են Հայաստան - Իրան բարեկամական խմբի անդամները՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG