Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը Եվրոպա կատարելիք իր այցի ընթացքում Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ միասնական ճակատ ստեղծելու կոչ կանի:
Բուշի այցը մեկնարկում է երեքշաբթի օրը Գերմանիայի մայրաքաղաքից: Այստեղ նախատեսված ելույթում նա մտադիր է խոսել Ռուսաստանից բխող վտանգի մասին, որից տուժում է ոչ միայն Ուկրաինան, այլ նաև Եվրոպան:
Ջեբ Բուշը ԱՄՆ նախագահի հեռանկարային թեկնածուներից մեկն է համարվում: Մինչ այս պահը նա չի հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին:
Ինչպես հաղորդում է Bloomberg View-ն, եվրոպական իր այցելության ընթացքում Բուշը նպատակ ունի ձևակերպել ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների տեսլականը, որը տարբերվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմի քաղաքականությունից:
Գերմանիայից բացի Բուշը կայցելի նաև Էստոնիա և Լեհաստան:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների Ջեբ Բուշը մտադիր է իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել հունիսի 15-ին՝ Եվրոպայից վերադառնալուց հետո: