Մատչելիության հղումներ

«Իզվեստիա»․ Լավրովի և Չավուշօղլուի հանդիպումը հետաձգվել է


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով և ԵԽԽՎ նախագահ, այժմ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2010թ․
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով և ԵԽԽՎ նախագահ, այժմ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2010թ․

Ռազմավարական պլանավորման ռուս - թուրքական համատեղ խմբի՝ մայիսի 16-ին Անթալիայում նախատեսված հինգերորդ նիստը տեղի չի ունենա: Ինչպես «Իզվեստիա»-ին փոխանցել է դիվանագիտական անանուն աղբյուրը, նիստը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով՝ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Թուրքական կողմը առաջարկեց վերադառնալ այդ հարցին հունիսի 20-ից հետո, երբ կձևավորվի նոր կառավարությունը», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նման փոխատեղումներ հաճախ են լինում ընտրությունների նախաշեմին, «առավել ևս՝ հաշվի առնելով թուրքական քաղաքական պատմությունը»:

Համատեղ խմբի չորրորդ նիստը տեղի էր ունեցել անցած տարվա մայիսի 27-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այն ժամանակ նրա թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ:

Որպես Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման հետաձգման մեկ այլ պատճառ «Իզվեստիա»-ն նշում է պաշտոնական Անկարայի դժգոհությունը՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հետ, թեև ռուսական պարբերականի աղբյուրը դա չի հաստատել:

«Ռուսաստանը վաղուց է ճանաչել ցեղասպանությունը: Դա մեր հետևողական դիրքորոշումն է, որը երբեք ոչ մի մակարդակով որևէ փոփոխության չի ենթարկվել: Խոսել այն մասին, որ Թուրքիայի կողմից կարող են փոփոխություններ լինել մեր նկատմամբ՝ տարօրինակ է», - հայտարարել է «Իզվեստիա»-ի բարձրաստիճան աղբյուրը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG