Մատչելիության հղումներ

ԼՂ նախկին նախագահը հույս ունի, որ Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա


Արկադի Ղուկասյան, 3-ը մայիսի, 2015թ․
Արկադի Ղուկասյան, 3-ը մայիսի, 2015թ․

Քվեարկելով Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում՝ ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ասաց, որ հույս ունի՝ գնալով Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա: Հարցին, թե ինչպես է գնահատում Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին տարիներին, արձագանքեց՝ դժվար է միանշանակ գնահատական տալ:

«Բայց եթե նկատել եք՝ ես վատ բան չեմ ասում երբևէ, և գտնում եմ, որ դա կոռեկտ չէ: Ընդհանուր առմամբ՝ ես համարում եմ, որ Ղարաբաղը զարգանում է»:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղում խորհրդարանական կառավարման մոդելը ներդնելու մասին խոսակցություններին՝ Ղուկասյանն ասաց, թե դա ժողովրդի որոշելիքն է:

«Քանի որ Հայաստանում այսօր այդ գործընթացներն են ընթանում, բնական է, որ այդ մասին խոսում են ղարաբաղցիները, բայց ինձ թվում է՝ պետք չէ շտապել, տեսնենք՝ ինչով կավարտվեն այդ պրոցեսները Հայաստանում», - ասաց նա՝ խուսափելով ներկայացնել իր կարծիքը, ասաց, որ դրա ժամանակը չէ, ավելի ուշ կխոսի այդ մասին:​

Խոսելով քաղաքականություն իր վերադարձի մասին, Ղուկասյանն ասաց՝ չէր էլ հեռացել, որ վերադառնա:

«Ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով, և այն մարդիկ, ովքեր խոսում են, որ Ղուկասյանը Ղարաբաղում չէ, սխալվում են, որովհետև Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է, իմ ընտանիքն է այստեղ: Ես Հայաստանում և Ղարաբաղում զբաղվում եմ Ղարաբաղի հարցով, երևի ավելի շատ լինում եմ Ղարաբաղում, քան Հայաստանում», - ասաց նա:

«Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, Ղուկասյանը պատասխանեց, թե ամեն ինչ նորմալ է ընթանում, որևէ ճնշում, խախտում չի նկատել: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին խոսակցություններին էլ լուրջ չի վերաբերվում:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG