Մատչելիության հղումներ

Ավարտվել է ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 3-ին հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ, տեղեկացնում է Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Կասուլիդեսն իր խոսքում նշել է, որ Կիպրոսը ջանք չի խնայի, որպեսզի աշխարհը ճանաչի Թուրքիայի կողմից իրագործված ոճրագործությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նախարարն ասել է, որ երկու ժողովուրդներն ունեն ճակատագրական ընդհանրություն. երկուսն էլ տուժել են Թուրքիայի անմարդկային գործողություններից:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, վստահեցրել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանը, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունը և համատեղ ծրագրերի արդյունավետությունն առավել զարգացնելու ուղիները:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է նաև Համայն Կիպրոսի և Նովա Յուստինիանիի արքեպիսկոպոս Խրիստոմոս Երկրորդը:

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակությունը Երևանում կլինի ապրիլի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG