Մատչելիության հղումներ

Վրաստանի ամենահարուստ մարդը նոր հեռուստաշոու է սկսում


Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հեռուստատեսային թոք-շոու է սկսել, որը, նրա խոսքով, հակադարձելու է «ընդդիմությանը ծառայող քարոզչամեքենային»:

Մարտի 15-ին, տալով «2030» անվանումը կրող հեռուստաշոուի մեկնարկը, Իվանիշվիլին ասել է, որ այն «կօգնի հասարակությանը ճիշտ լույսի տակ տեսնել իրադարձությունները»: Նա հավելել է, որ իր հեռուստաշոուն «դիմագրավելու է» նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության շեփորահարի համբավ վայելող «Ռուսթավի 2» հեռուստատեսությանը:

Միլիարդատեր Իվանիշվիլին 2012 թվականին գլխավորեց ընդդիմադիր «Վրացական Երազանք» դաշինքը և կարողացավ հաղթանակ տանել տարիներ շարունակ իշխանական լծակները իր ձեռքում պահած Սաակաշվիլիի և նրա կուսակցության նկատմամբ: Ընտրություններից հետո Իվանիշվիլին մեկ տարով ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը, ինչից հետո վաղաժամկետ հրաժարական տվեց՝ իշխանական լծակները զիջելով իր դաշնակիցներին: Չնայած քաղաքական կյանքից կամովին հեռանալու իր այդ քայլին, Իվանիշվիլին, փորձագետների համոզմամբ, շարունակում է զգալի ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում:

Վրաստանի ամենահարուստ մարդը խոստացել է հաճախակի հյուր գալ իր ստեղծած այս նոր հեռուստաշոուին: Հեռուստաշոուն կրում է նույն անվանումը, ինչ նրա հիմնադրած կազմակերպությունը, որը ստեղծվել է մինչև 2030 թվականը Վրաստանը իրապես եվրոպական երկիր դարձնելու առաքելությամբ:

Իվանիշվիլիի այս նոր նախաձեռնության թիրախում հայտնված «Ռուսթավի 2»-ը ստեղծվել է 1994 թվականին և համարվում է Վրաստանի ամենահայտնի և հաջողակ մասնավոր հեռուստաընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG