Moody's ներդրումային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկային վարկանիշը՝ Baa3-ից հասցնելով «աղբանոցային» համարվող Ba1-ի:
Հեղինակավոր գործակալությունն այս որոշումը պատճառաբանել է ուկրաինական ճգնաժամի հետևանքներով, ինչպես նաև նավթի գների և ռուբլու փոխարժեքի անկմամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի համար «աղբանոցային» վարկանիշ էր սահմանել նաև Standard & Poor's գործակալությունը:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Moody's-ի որոշումը պայմանավորված է «քաղաքական բնույթի գործոններով»: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի վարկանիշի իջեցումը հիմնված է «անիրական» կանխատեսումների վրա:
Էներգակիրների շուկայում գների անկումը և Ուկրաինայում ռուսական միջամտության համար Արևմուտքի սահմանած պատժամիջոցները զգալի հարվածներ են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը: Ակնկալվում է, որ 2000 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի տնտեսությունը 4-5 տոկոս անկում կապրի: