ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակցին առաջադրված խարդախության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է դատարան:
Նախաքննության ընթացքում ոստիկանության նախկին աշխատակից Հմայակ Պողոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
Մինչ այդ Պողոսյանը հետախուզվում էր: Նրան կալանավորել են Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան տեղափոխել նոյեմբերի 7-ին:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հիմնավորվել է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանը, թաքցնելով 2012 թվականի մայիսին համակարգից ազատված լինելու հանգամանքը, չարաշահել է քաղաքացիների վստահությունը՝ հափշտակելով խոշոր չափերով գումարներ։ Նախաքննությամբ բացահայտվել է խարդախության 3 դրվագ:
Հ.Պողոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության Վանաձորի հաշվառման և քննման բաժանմունքում` որպես տեսուչ, և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2012 թվականի մայիսի 24-ին մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ դատարանը կիրառել է համաներում և ազատել պատժի կրումից, ինչից հետո ոստիկանության մայոր Հ.Պողոսյանը 2012 թվականի մայիսի 24-ին ազատվել է ոստիկանության համակարգից: