Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ողջունում է Ուրուգվայում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը


Գալուստ Սահակյան և Դանիլո Աստորի, Երևան, 8-ը դեկտեմբերի, 2014թ․
Գալուստ Սահակյան և Դանիլո Աստորի, Երևան, 8-ը դեկտեմբերի, 2014թ․

Պաշտոնական այցով Երևանում է Ուրուգվայի գործող փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սահակյանը կարևորել է հայ - ուրուգվայական համագործակցության մակարդակը, ինչպես նաև բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի այսօրվա քաղաքական գերխնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ և խաղաղ ճանապարհով լուծում տալուն, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ գործունեությանը հակազդելու հարցում:

Ուրուգվայի փոխնախագահը ասել է, որ այս այցը լավ առիթ է Ուրուգվայի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու համար: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի:

Հանդիպման ավարտին Սահակյանը Աստորիին պարգևատրել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Այսօր ավելի ուշ Ուրուգվայի գործող փոխնախագահին ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Նույն օրը Դանիլո Աստորին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

​«Հայոց մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործում Հայաստանը պետք է վստահ լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը, որը պատրաստ է մշտապես աջակցել», - ասել է Դանիլո Աստորին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG