Մատչելիության հղումներ

Microsoft-ը մտադիր է գնել Nokia-ի բջջային բիզնեսը


Nokia-ի նախագահ Սթիվեն Էլոփը (ձախից) և Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը Լոնդոնում, արխիվ
Nokia-ի նախագահ Սթիվեն Էլոփը (ձախից) և Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը Լոնդոնում, արխիվ
Ամերիկյան Microsoft ընկերությունն այսօր հայտարարել է ֆիննական Nokia ընկերության Սարքավորումների և ծառայությունների բիզնեսը գնելու, ինչպես նաև Nokia-ի պատենտների և քարտեզագրման ծառայությունների լիցենզիաները ձեռք բերելու և օգտագործելու մտադրության մասին:

Այսօր երկու ընկերություններն այս մասին հաղորդագրություն են տարածել:

Գործարքի հայտարարված արժեքը 5 միլիարդ 44 միլիոն եվրո է:

«Սա համարձակ քայլ է դեպի ապագան՝ միանշանակ ձեռնտու քայլ երկու ընկերությունների աշխատակիցների, բաժնետերերի և հաճախորդների համար», - ասել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը:

Երկու ընկերությունները սերտորեն համագործակցում են 2011 թվականի փետրվարից, երբ Nokia-ն, որը սկսել էր սմարթֆոնների շուկայում իր առաջատար դիրքերը զիջել Samsung և Apple ընկերություններին, վերջապես համաձայնեց հրաժարվել իր կողմից զարգացվող օպերացիոն համակարգերից և որպես հիմնական օպերացիոն հարթակ սկսեց օգտագործել բացառապես Microsoft-ի Windows Phone համակարգը: Այս համագործակցության արդյունքում Nokia-ն սկսեց արտադրել իր Lumia շարքի հեռախոսները, սակայն, չնայած Microsoft-ի աջակցությանը և խոշորածավալ ներդրումներին, երկար տարիներ բջջային հեռախոսների շուկայի առաջատարը հանդիսացած Nokia-ի արտադրանքը անցած երկու տարիներին շարունակում է շուկայում զիջել դիրքերը մրցակիցներին, և Gartner հետազոտական կենտրոնի տվյալներով, 2013-ի երկրորդ եռամսյակում վաճառված հեռախոսների թվով Nokia-ն աշխարհում երկրորդն է՝ Samsung-ից հետո, ընդ որում, Nokia-ն վաճառել է ընդամենը 61 միլիոն հեռախոս, ինչը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վաճառած 83 միլիոնի համեմատ:

«Զարգացնելով մեր հաջողված փոխգործակցությունը, մենք այժմ կկարողանանք մեկտեղել Microsoft-ի լավագույն նվաճումները ծրագրային ապահովման ոլորտում և Nokia-ի լավագույն կողմերը սարքերի նախագծման, լավագույն դիզայնի և համաշխարհային վաճառքների, մարքեթինգի և արտադրության ոլորտում», - հայտարարել է Nokia-ի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Էլոփը:

Ուշագրավ է, որ գործարքի ազդարարումից հետո Nokia-ի բաժնետոմսերի գինը Նյու Յորքի բորսայում շեշտակի աճ է արձանագրել, մինչդեռ Microsoft-ի բաժնետոմսերի գինը սկսել է նվազել:

Nokia ընկերության Սարքավորումների և ծառայությունների բիզնեսի՝ բջջային թևի ձեռքբերումը Microsoft-ի 38-ամյա պատմության մեջ երկրորդ խոշորագույն գործարքն է՝ 2011 թվականի ինտերնետային ձայնային ծառայությունների ոլորտի առաջատար Skype ընկերության՝ 8.5 միլիարդ դոլար արժեցած գնումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG