Մատչելիության հղումներ

Ֆիննախը սկսել է հրապարակել գնումների բոլոր պայմանագրերը


Պետությունն ավելի ու ավելի է ընդլայնում հասարակությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը, ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ այսօր ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի ու Գնումների աջակցման կենտրոնի նախաձեռնած քննարկման ժամանակ խոսելով գնումների համակարգի թափանցիկության և գործընթացում հասարակության ներգրավվածության մասին:

Գնումների գործընթացի կազմակերպմանն ու ընթացակարգերին նվիրված քննարկմանը նախարարը նշել է, որ պաշտոնական կայքէջերում այսօր կարելի է գտնել գնումների մրցույթներում հաղթողների մասին տեղեկություններ, մեկ անձանցից գնումների պայմանագրերը, բյուջեի ինտերակտիվ ծախսերը և այլն, ապա շարունակել է․ - «Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է այս աննախադեպ թափանցիկությունը ևս մեկ աստիճանով բարելավելու գործը: Ներկայումս յուրաքանչյուր օր, ինտերակտիվ բյուջեի շնորհիվ, կարելի է հետևել կատարված բոլոր ծախսերին, բյուջեից բոլոր փոխանցումներին: Այսօր մենք գնում ենք մեկ քայլ առաջ և արդեն իսկ կայքում մի քանի օր է` սկսել ենք տեղադրել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ փոխանցումների հիմքում: Մինչդեռ նախկինում տեղադրվում էին միայն մեկ անձի միջոցով կատարված գնումների պայմանագրերը»:

«Սա ևս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր վերլուծաբանների համար` հետևելու պետության գործունեությանն այս ոլորտում», - ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ընդգծել է Դավիթ Սարգսյանը:

Նախարարը հավաստիացրել է, որ գնումների ոլորտի բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից մեկն են: Նրա խոսքով` այսօր գործում է գնումների ապակենտրոնացված համակարգ, երբ ֆինանսների նախարարությունը և Գնումների աջակցման կենտրոնը կարգավորում են ոլորտը, իսկ գնումներն իրականացնում են պետական մարմիններն ու նրանց մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG