Մատչելիության հղումներ

Օհանյանը հանդիպել է Ալասանիային և Իվանիշվիլիին


Հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը:

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

«Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը և պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013 թվականին: Խոսել ենք նաև այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014 թվականին: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերությունները մեր կառավարության համար առաջնային են»,- հայտարարել է Ալասանիան:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգության խնդիրները:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն` պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»,- ընդգծել է Օհանյանը:

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ռազմավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG