Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց Հեյգի հետ


Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուիլյամ Հեյգի հետ, Լոնդոն, 20-ը մայիսի, 2013թ., լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուիլյամ Հեյգի հետ, Լոնդոն, 20-ը մայիսի, 2013թ., լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Երեկ Վեստմինստերյան աբբայությունում Անհայտ զինվորի հուշարձանին եւ հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, Միացյալ Նահանգների նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն:

Լոնդոնում Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:

Ուիլյամ Հեյգն ասել է, որ երկու տարի առաջ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝ հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջեւ կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում գործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում գործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում Նալբանդյանը ասել է, որ հայ - բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել, եւ կարեւորել է տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով, Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստան - Եվրամիություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Հեյգը իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել եվրոպական օրակարգի հարցերը, հայ - բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաեւ հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում:

Էդվարդ Նալբանդանի հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցել է նաեւ Լորդերի պալատի անդամ, հայ - բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Հայաստանի արտգործնախարարը այցելել է նաեւ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկ, որտեղ հանդիպում է ունեցել բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր են փոխանակվել տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին եւ ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։

Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։

Շուրջ երեք ժամ տեւած հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում հայ - բրիտանական համագործակցության, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG