Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն «եղել եւ մշտապես լինելու է ժողովրդի կողքին»


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքական խորհուրդը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում վստահեցնում է, որ կուսակցությունը «եղել եւ մշտապես լինելու է ժողովրդի կողքին»։

«Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձեւաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի եւ խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու եւ չպաշտպանել թեկնածուներից որեւէ մեկին», - հիշեցնում է ԲՀԿ-ն` շարունակելով. - «Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ։ Հասարակության լայն զանգվածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։ Յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը»։

«Բարգավաճ Հայաստան»-ը «վերահաստատում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեւակերպած իր քաղաքական օրակարգը», «քաջ գիտակցում է ժողովրդի առջեւ ունեցած իր պատասխանատվությունը» եւ հավաստիացնում, որ «եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում», - շեշտում է կուսակցության քաղխորհուրդը` զսպվածության կոչ անելով իշխանություններին եւ զգուշացնելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետեւանքների:

Զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կուսակցությունը կոչ է անում բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում, բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձեւավորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստակամություն է հայտնում իր ողջ ռեսուրսները տրամադրել այս գործընթացի կազմակերպման եւ իրականացման համար եւ կոչ անում իշխանություններին ու ազդեցիկ քաղաքական ուժերին՝ «ցուցաբերել խոհեմություն, փոխադարձ հանդուրժողականություն եւ վճռականություն` ժողովրդի եւ պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG