Մատչելիության հղումներ

Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է


Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հիմքով Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել Վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը Վարչական դատարանի հունվարի 17-ի որոշմամբ բավարարվել է։

Նշված որոշման հիման վրա արդարադատության նախարարի հունվարի 22-ի հրամաններով Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է, եւ նրա նոտարական սպասարկման լիազորությունները մինչեւ դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի եւ Նունե Սարգսյանի վրա:

Համաձայն «Նոտարիատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, նոտարը կարող է պաշտոնից ազատվել, եթե` «նրա վավերացրած գործարքը կամ նրա կողմից հաստատված փաստաթուղթը դատական կարգով ճանաչվել է անվավեր, որի հետեւանքով դատական կարգով որոշվել է որպես վնասի հատուցում նոտարից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից ավելի գումար», եւ «մեկ տարվա ընթացքում երեք անգամ նա վավերացրել է գործարք կամ հաստատել է փաստաթուղթ, որը վավերացման կամ հաստատման պահին եղել է անվավեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG