Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգը մշակված է


Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգը` նախատեսված երկրի Ազգային անվտանգության ռազմավարությամբ, մշակված է։ Այդ մասին այսօր հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ:

Նշելով, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե՛ կարճաժամկետ եւ թե՛ երկարաժամկետ հեռանկարում, Բաղդասարյանը ասել է. - «Երկու տարվա աշխատանքի արդյունքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, որը մինչեւ այս տարվա ավարտը կքննարկվի նաեւ Անվտանգության խորհրդի նիստում»:

«Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարեւորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Փաստաթուղթը, որի մեջ ներառված են շուրջ 120 առաջարկություններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարեւոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այլ նաեւ մեր Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով», - Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ` ընդգծել է Արթուր Բաղդասարյանը։

Աշխատանքային խումբը հավանության է արժանացրել Էներգետիկ անվտանգության հայեցակարգը եւ որոշում է ընդունել այն ներկայացնել Անվտանգության խորհուրդ հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG