Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ


Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական միությունում նախագահող Կիպրոս:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Նալբանդյանին ընդունել է Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ - կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության բարձր մակարդակով:

Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի կառուցողական մոտեցումը եւ նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, եւ ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարարը կարեւորել է անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական եւ ղարաբաղյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

Խրիստոֆիասը տեղեկացրել է նաեւ եվրագոտու ճգնաժամի հետեւանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին է ներկայացրել հունգարա - ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ եւ միանշանակ արձագանքը:

Կիպրոսի նախագահը խնդրել է իր ողջույնները, ինչպես նաեւ Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի նախագահին եւ ժողովրդին:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցել է Հայաստանի անկախության 21-ամյակի եւ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ելույթ են ունեցել Հայաստանի արտգործնախարարը եւ Կիպրոսի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG