Մատչելիության հղումներ

Քոչարյանի գրասենյակ. Ալիեւը խեղաթյուրում է կամ անտեղյակ է


Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսօր հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Վարուժան Կարապետյանին 2001 թվականին Հայաստանի նախագահի կողմից ներում շնորհելու մասին։

«Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիեւը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի։ Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը», - հայտարարում է երկրորդ նախագահի գրասենյակը` մանրամասնելով. - «Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից եւ միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության։ Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում»:

«Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից», - իր հայտարարությունը ամփոփում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG