Մատչելիության հղումներ

Հյուսիս-հարավ ճանապարհի շինաշխատանքները` սեպտեմբերի 13-ից


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք կարեւորում ենք Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը եւ հետագա զարգացումը: Այն ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում ենք Հայաստանում, մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է վարչապետը։

Մաուրին Սիտորուսին բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը եւ գոհունակություն հայտնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերից, այդ թվում` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքից:

Վարչապետը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից:

«Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել գերազանց տնտեսական կատարողականի եւ տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր համատեղ ծրագրերը կնպաստեն Հայաստանի հետագա տնտեսական կայուն զարգացմանը», - պաշտոնական հաղորդագրության համաձայն` նշել է ԱԶԲ-ի գործադիր տնօրենը:

Խոսելով ԱԶԲ-ի տարեկան համաժողովը 2015 կամ 2016 թվականներին Բաքվում անցկացնելու առաջարկի մասին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն կմասնակցի համաժողովին, եթե ապահովվի իր պատվիրակության անվտանգությունը, եւ Ադրբեջանն այդ հարթակը չօգտագործի քաղաքական հայտարարություններ անելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG