Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն նախապայմաններ է դնում


«Եթե Հայաստանն ուզում է, որ իր զինվորները չզոհվեն, պետք է ազատի Ադրբեջանի տարածքները», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի հետ համատեղ ասուլիսում, ով Բաքու էր ժամանել հատկապես ղարաբաղյան խնդիրն ու շփման գծի վերջին միջադեպերը քննարկելու համար։

Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո եվրոպացի դիվանագետը կրկնել է այն կոչը, որ հնչեցրել էր ավելի վաղ Երեւանում` հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների ճանապարհով, եւ որքան հնարավոր է արագ։

«Մենք եկանք ընդհանուր համաձայնության, որ ստատուս-քվոն անընդունելի է», - հայտարարել է Բաքվում Էյմոն Գիլմորը եւ կրկին պնդել ԵԱՀԿ-ի առաջարկը՝ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ մեխանիզմներ ներդնել՝ արյունալի միջադեպերը հետաքննելու համար։ Հայաստանի իշխանությունները ավելի վաղ ընդունել էին առաջարկը, այսօր, ըստ էության, դրանց համաձայնել է նաեւ Ադրբեջանը, սակայն՝ սեփական նախապայմաններով։

«Պաշտոնական Բաքուն համաձայն է ԵԱՀԿ-ի առաջարկած մեխանիզմներին, սակայն մինչ այդ նախ անհրաժեշտ է, որ Հայաստանը դուրս բերի զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Եթե այդ մեխանիզմները ներդրվեն հիմա, դա է'լ ավելի կամրապնդի առկա ստատուս-քվոն, որն անընդունելի է», - հայտարարել է Մամեդյարովը։

«Իհարկե, երիտասարդ զինվորների մահը ցավալի է, սակայն մյուս կողմից՝ դիպուկահարները հենց այնպես չեն այնտեղ կանգնած։ Այդտեղով շփման գիծն է անցնում, եւ եթե Հայաստանի իշխանություններն ուզում են, որ իրենց զինվորներին չսպանեն, թող դուրս բերեն զորքերը։ Եթե գնան այդ քայլին, դիպուկահարների, ինչպես նաեւ միջադեպերը հետաքննելու մեխանիզմների կարիք այլեւս չի լինի», - ընդգծել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

ԵԱՀԿ գործող նախագահն իր հերթին կոչ է արել ակտիվացնել ջանքերը կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար՝ ընդգծելով, որ միջնորդական խումբը չի կարող որեւէ մեկին լուծում պարտադրել, կողմերը իրենք պետք է կարգավորեն խնդիրը։

«Ինչպես հայտնի է, կողմերը համաձայնեցրել են կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում եւ ուժի չկիրառում։ ԵԱՀԿ-ն սատարում է այս սկզբունքները։ Դրանք պետք է կիրառել միաժամանակ, առանձին-առանձին հնարավոր չէ։ Եվ ես հույս ունեմ, որ հունիսի 18-ին Փարիզում նախատեսված հանդիպումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, արդյունավետ կլինի՝ առաջընթացի հասնելու առումով»։

Ի դեպ, այսօրվա ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման շուրջ՝ Ռուսաստանի հետ շարունակվող բանակցություններին, եւ տեղեկացրել, որ հարցը կորոշվի մինչեւ այս տարվա վերջը։

«Առայժմ վաղ է խոսել բանակցությունների արդյունքներից, քննարկումները դեռ շարունակվում են», - ասել է Մամեդյարովը։

Հիշեցնենք` Ադրբեջանի անկախացումից հետո Ռուսաստանը տասը տարով վարձակալել էր կայանը՝ հետագայում վարձակալության ժամկետը երկարաձգելու իրավունքով։ Պայմանագրի ժամկետը ավարտվում է այս տարեվերջին, Բաքուն, սակայն, նոր պահանջներ է դնում Կրեմլի առաջ՝ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու համար։ Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, մասնավորապես, Ադրբեջանը պահանջում է, որ Մոսկվան շուրջ 40 անգամ ավելացնի տարեկան վարձավճարը, եւ նախկին 7 միլիոնի փոխարեն այժմ 300 միլիոն դոլար վճարի Գաբալայի համար:
XS
SM
MD
LG