Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների եւ անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետեւողական ջանքերի համար:

Ընդգծելով, որ թեեւ Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռեւս մնում է չիրագործված, Հայաստանի նախագահը նշել է, որ, այդուհանդերձ, անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման եւ խաղաղության պահպանման համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական եւ կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG