Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակ. «Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը օրինակ է ԱՄՆ-ի համար»


«Ֆրանսիայի Սենատի այսօրվա խիզախ քվեարկությունը Ատլանտյան օվկիանոսը հատող լույս է` ուղղված ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք արդեն անչափ երկար ժամանակ թույլ են տալիս Անկարային խոչընդոտել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը», - անցած գիշեր հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության օրինագծի ընդունումը։

«Թուրքիայի նկատմամբ ահագնացող միջազգային ճնշումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի 42 նահանգների կողմից վկայում են, որ նախագահ Օբաման, որը որպես թեկնածու խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թույլ է տվել մի օտարերկրյա պետության լռեցնել մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից», - հայտարարել է Համբարյանը։

«Այս առիթը մենք նշում ենք` հորդորելով նախագահ Օբամային հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը եւ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը կոչ անելով թույլ տալ Հայոց ցեղասպանության թիվ 304 բանաձեւի քվեարկությունը», - ասված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG