Մատչելիության հղումներ

Շփման գծում հերթական մոնիտորինգը հրադադարի խախտումներ չի արձանագրել


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արեւելք:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն, Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ-ի առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

Անցած շաբաթավերջին շփման գծում երկու հայ զինծառայող է վիրավորվել: Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի վկայությամբ` միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG