Մատչելիության հղումներ

Փաշինյանի տեղափոխումը պայմանավորված է «ՔԿՀ-ում ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառմամբ»


ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության խոսնակ Արսեն Բաբայանը, չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխումը «պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ»:

«Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի` «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարունակելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված Նիկոլ Փաշինյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել նոյեմբերի 30-ին` միաժամանակ նաեւ խստացվել նրա պատժի կրման ռեժիմը, «Արթիկ»-ում նա պատիժը կրելու է փակ ռեժիմով:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի տեղափոխման կապակցությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. - «[Փաշինյանին] Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»:

Ընդդիմադիր խմբագրին ազատելու կոչերով վերջին մի քանի օրերին հանդես են եկել նաեւ մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ, ստեղծագործական միությունների ղեկավարներ, իսկ այսօր նաեւ` Գիտությունների ազգային ակադեմիայի տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ:

Այսօրվա իր հայտարարությամբ քրեակատարողական վարչության խոսնակը «լրատվության առանձին միջոցների եւ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ դատապարտյալի «ճակատագրով» իբր մտահոգված մյուս անձանց» կոչ է արել զերծ մնալ Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման գործառույթը «քաղաքականացնելուց»:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ լրատվության առանձին միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, քրեակատարողական վարչության կողմից նախօրեին հայտարարվել էր, որ դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս անվտանգության նկատառումներով, որեւէ աղերս չունի իրականության հետ: Քրեակատարողական վարչության կողմից լրատվության որեւէ միջոցի նման տեղեկություն չի տրամադրել», - նաեւ ասված է քրեակատարողական վարչության հաղորդագրությունում:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ համաներում է կիրառվել եւ պատժաչափը կիսով չափ կրճատվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG