Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք պետք է օգտագործենք Ադրբեջանի կոպիտ սխալը»


«Մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ», - կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահը օգոստոսի 29-ին ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Թիվ 11 դպրոցում Հայաստանի նախագահը պատասխանել է դպրոցի ուսուցիչներից մեկի հարցին, ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով Ադրբեջանի առաջ քաշած նոր բանաձեւի վերաբերյալ։

Հայաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հաստատել է, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը, Հայաստանի նախագահի գնահատմամբ, «չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում»:

«Այդ բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ «կոպիտ սխալ» որակելով Ադրբեջանի կողմից նման բանաձեւ ներկայացնելու հանգամանքը։

«Այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին», - նշել է Հայաստանի նախագահը՝ մասնավորեցնելով. - «Մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG