Մատչելիության հղումներ

6 զինծառայողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Հուլիսի 28-ին թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով («երկու եւ ավելի անձանց սպանություն»)։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի եւ դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաեւ թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։

«Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները եւ Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG