Մատչելիության հղումներ

Գրանիշ գրական բլոգը տեղադրել է երիտասարդ գրող Նշան Աբասյանի մի քանի բանաստեղծություններ


Նշան Աբասյան
Նշան Աբասյան

Նշան Աբասյանը ծնվել է 1985-ին` Խորոնք գյուղում (Էջմիածնից քիչ հեռու), ուր եւ ապրում է: Ավարտել է մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատում է «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի խմբագրակազմում:



Տերեր


Կեսօրվա բոլոր ծալքերում արեւ է:
Շողերը թիկնել են տան պատերին, բազմել քարերի վրա, փռվել բակի կանաչում:
Ծիրանենին հարազատ-անտարբեր հայացքով պատշգամբին է նայում:
Քույրս օրորվում է ճոճանակին:
Ինչ-որ տեղ պատի խոռոչում բզեզի բույն կա…
Հայրս քնած է թախտին…
Ամենուր բույր է…

25 մայիսի, 2010 թ.

Շահանեին

Կարմիր թիթեռնիկն անհոգ ու անվախ թռչում էր եկեղեցու շուրջը…
Դարերի լուռ հովանու տակ վայրկյանը խաղաղ էր ու կենդանի…

21 սեպտեմբերի, 2009 թ.

Էտյուդ

Պահպանողականները հոխորտում են, ազատականները` հռհռում, լրբերը տրորում են իրար, ռոմանտիկները հարբում են, պոստմոդեռնիստները` փիլիսոփայում մեծ-մեծ, այրերը թմբկահարում են իրենց բարի գործերը, ողորմությամբ հագեցածները փառաբանում են նրանց……
Իսկ այդ նույն պահին
հեռու Կյորեսի
մաքուր պուրակով
հանդարտ անցնում է
մի խոհուն աղջիկ…

12 մարտի, 2010 թ.

Մեծ երգ

Բանաստեղծություն
ձնծաղիկի,
գարնան,
եւ հորս մասին,
որ, դեռ ձնծաղիկը չծաղկած,
դեռ գարունը չեկած,
գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն
Օբամայի,
Մեդվեդեւի
եւ հորս մասին,
որ համաշխարհային կարեւորագույն հարցերով չի զբաղվում,
այլ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն
բանաստեղծի,
ընթերցողի
եւ հորս մասին,
որ ո´չ բանաստեղծություն է գրում,
ո´չ ընթերցում է,
որովհետեւ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բամաստեղծություն հորս մասին.
նրա ուսերին ձնծաղիկ է ծաղկում,
գարուն է գալիս…

7 մարտի, 2010 թ.

Չքնաղ երգ

Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ ես այնքա՜ն գեղեցիկ եմ, ասես լուռ շարական…
Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ աշխարհը ծիծաղելի է ինձ, եւ սիրտս ոչ ոքի չի կարոտում…

http://blog.antashat.com/?p=2220
XS
SM
MD
LG