Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում է ազատել ձերբակալվածներին


Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, որը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ կազմակերպությունն է Հայաստանում, մտահոգված է ոստիկանության` մարդու իրավունքների խախտումներով զուգորդված գործողություններով եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

«Մայիսի 28-ից ընդդիմության մի խումբ ակտիվիստների մուտքը Ազատության հրապարակ արգելվում է ոստիկանության կողմից։ Մայիսի 31-ին ոստիկանության բիրտ գործողությունների արդյունքում առաջացավ մոտ 1 ժամ տեւած քաշքշուկ, որը զուգորդվում էր երկկողմանի վիրավորանքներով։ Մի շարք քաղաքացիական հագուստով մարդիկ կատարում էին ոստիկանների հրահանգները եւ նրանց հետ համատեղ իրականացնում էին ուժային գործողություններ։ Արդյունքում 17 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն, որոնցից 3-ը` Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը եւ լրագրող Անի Գեւորգյանը ձերբակալվեցին եւ դեռեւս գտնվում են անազատության մեջ», - արձանագրում է իրավապաշտպան կազմակերպությունը այսօր տարածած հայտարարությունում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գտնում է, որ ոստիկանության նման գործողությունները չունեն օրինական հիմնավորում, խախտում են քաղաքացիների արտահայտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքը եւ լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակությունում, եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիների արտահայտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակումները, հետաքննել եւ պարզել քաղաքացիական հագուստով անձանց` ոստիկանության գործողություններին մասնակցության հանգամանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG