Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-ին


Կիրակի օրը Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում նախնական տվյալներով առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 7-ին։

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ձայների 40 տոկոսի հաշվարկի նախնական արդյունքները, որոնց համաձայն, թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ քվեների ավելի քան 50 տոկոսը եւ հաղթանակ տանել առաջին փուլում։

Ըստ այդմ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար, ռուսամետ Յանուկովիչը ստացել է քվեների շուրջ 37 տոկոսը։ Երկրորդ տեղում ընթացող արեւմտամետ վարչապետ Տիմոշենկոյի օգտին ձայն է տվել ընտրողների 24 տոկոսը։

Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով իշխանության եկավ 2004 թվականին Ուկրաինայում իրականացված Նարնջագույն հեղափոխության արդյունքում, ստացել քվեների մոտ 5 տոկոսը։

Հաղորդագրությունների համաձայն, ընտրությունները համեմատաբար խաղաղ են անցել, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG