Մատչելիության հղումներ

Մահացել է Գեորգի Գարանյանը


Երկուշաբթի օրը Կրասնոդարում, 76 տարեկանում, սրտի կաթվածից մահացել է խորհրդային եւ ռուսաստանյան անվանի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, երգահան, ծագումով հայ Գեորգի Գարանյանը։ Ամուսնու մահվան լուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է Գարանյանի այրին` Նելլի Զակիրովան։

Գարանյանը իր երաժշտական գործունեությունը սկսել է անցյալ դարի 50-ական թվականներին։ Ղեկավարել է «Մելոդիա» համույթը, որը համագործակցել է Իոսիֆ Կոբզոնի, Լյուդմիլա Գուրչենկոյի, Լեւ Լեշչենկոյի, Ալլա Պուգաչովայի եւ անվանի այլ աստղերի հետ։

Գարանյանը երաժշտություն է գրել խորհրդային մի շարք սիրված կինոֆիլմերի համար, որոնց թվում են «Պոկրովյան դարպասներ», «Իրիկնային լաբիրինթոս», «Նրա երիտասարդության բաղադրատոմսը» եւ այլ ժապավեններ։

Նա հեռուստատեսությամբ վարել է «Ջեմ-5», իսկ ռադիոյով` «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդաշարերը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` Գեորգի Գարանյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG