Մատչելիության հղումներ

Արմեն Սմբատյանը` ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը օրերս ընտրվել է ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Նրա փոխանցմամբ` սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ներկայացուցիչը ընտրվում է նման բարձր պաշտոնում այդ կառույցում:

ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ստեղծվել է անցած տարի, գրասենյակը Մոսկվայում է: Հիմնադրամի գործունեության նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերով համագործակցության ծրագրերին:

Սամվել Ֆարմանյանի փոխանցմամբ` Արմեն Սմբատյանը դեռ շարունակում է կատարել դեսպանի իր պարտականությունները, քանի որ դեսպանի պաշտոնից նրան ազատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր դեռեւս չի եղել:

Նախագահի խոսնակը չմեկնաբանեց լուրերը այն մասին, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվելու Բելառուսում Հայաստանի ներկայիս դեսպան, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG