Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը քննադատում է խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում


Եվրախորհրդարանը երեկ ուշ երեկոյան բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ քննադատում է իշխանություններին՝ լրագրողներին ճնշելու համար, եւ հորդորում վերականգնել օտարերկրյա հեռարձակողների՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի հաղորդումները։

Ընդունված բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորում են Ադրբեջանի իշխանություններին` վերանայել զրպարտության համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական դրույթը, պնդելով, որ այն շատ հաճախ մտրակ է դառնում՝ անկախ ու ընդդիմադիր լրագրողներին պատժելու համար։

Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ ներկայումս առնվազն հինգ ադրբեջանցի լրագրող գտնվում է ազատազրկման վայրերում։ Վերջիններիս ազատ արձակելուց բացի, Եվրախորհրդարանը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին նաեւ համարժեք արձագանքել լրագրողների նկատմամբ կատարված բռնություններին. բազմաթիվ բռնություններ մինչ օրս բացահայտված չեն, մեղավորները մնում են անպատիժ, փաստում է Եվրախորհրդարանի զեկույցը։

Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին հորդորում է վերականգնել օտարերկրյա հեռարձակողների արտոնագրերը, ընդգծելով, որ պաշտոնական Բրյուսելն ու Բաքուն չեն կարող սերտ համագործակցություն զարգացնել առանց խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG