Մատչելիության հղումներ

«Իսրայելը չի կարող Թուրքիայի տարածքով հարձակվել երրորդ երկրի վրա»


Իսրայելական The Jerusalem Post օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելին թույլ չի տրվի Թուրքիայի օդային տարածքն օգտագործել երրորդ երկրի վրա հարձակում կատարելու համար։ Թերթը նշում է, որ խոսքն այս դեպքում Իրանի մասին է։

«Եթե Իսրայելը խախտի մեր օդային սահմանը, Անկարայի արձագանքի հզորությունը հավասարզոր կլինի իսկական երկրաշարժի», - ասել է Էրդողանը, պատասխանելով մի եգիպտացի լրագրողի հարցին։

Էրդողանի խոսքերով, Իսրայելն առ այսօր նման քայլի չի դիմել, բայց եթե դիմի, ապա հետեւանքը չափազանց ծանր կլինի։

«Իսրայելը չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններն օգտագործի որպես խաղաքարտ երրորդ կողմի դեմ»,- ասել է Թուրքիայի վարչապետը, հավելելով, որ եթե «այնուամենայիվ Իսրայելը համարձակվի այդպիսի բան անել, ապա Անկարան ձեռքերը ծալած չի նստի»։

Խոսելով Իսրայելի հասցեին Անկարայի հնչեցրած քննադատությունների մասին, Էրդողանն ասել է, որ` «հնարավոր չէ փոխել թուրք ժողովրդի զգացումները, որոնք Գազայում Իսրայելի կատարած ագրեսիայի հետեւանք են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG