Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանի սպառնալիքները չեն կարող տպավորել ո'չ Հայաստանին, ո'չ Ղարաբաղին»


Ադրբեջանական կողմից հնչող պատերազմի սպառնալիքները չեն կարող տպավորել ո'չ Հայաստանին, ո'չ Ղարաբաղին, երեկ Տոկիոյում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին` Նալբանդյանը ասել է. - «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ո'չ Հայաստանին, ո'չ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»:

Ինստիտուտում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն ելույթով է հանդես եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` ներկայացնելով հայ - ճապոնական հարաբերությունները եւ դրանց զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները, Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը միտված ջանքերը:

Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարարին նույն օրը ընդունել է Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ Տոկիո իր այցելության նպատակները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հայաստանի արտգործնախարարը այցելել է նաեւ «Շիմիզու» կորպորացիայի կենտրոնակայան, իսկ երեկոյան հանդիպել է Ճապոնիա - Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին, որոնք գոհունակություն են հայտնել Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը:

Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույցներ է տվել ճապոնական առաջատար NHK հեռուստաընկերությանը եւ Nikkei օրաթերթին:

Այսօր ավարտելով այցելությունը Ճապոնիա` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG