Մատչելիության հղումներ

Ստոկհոլմում մեկնարկում է Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովը


Այսօր Ստոկհոլմում մեկնարկում է Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովը, որից կողմերը լուրջ ակնկալիքներ չունեն:

Եվրամիության շվեդական նախագահության ամիսներին երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցման պատճառը Շվեդիայի իշխանությունների ցուցաբերած խիստ քննադատական վերաբերմունքն է պաշտոնական Մոսկվայի` ԱՊՀ-ի տարածքում որդեգրած քաղաքականությանը: 2008 թվականի ամռանը` ռուս - վրացական պատերազմից հետո, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը նույնիսկ համեմատել էր նացիստական Գերմանիայի գործելաոճի հետ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե Ստոկհոլմ է մեկնում բացառապես դիվանագիտական նպատակահարմարությունից ելնելով: Ռուսական կողմը նաեւ հայտարարում է, թե լուրջ քաղաքական խնդիրները այսօրվա հավաքի ընթացքում հպանցիկ են քննարկվելու:

«Ստոկհոլմում Ռուսաստանը մտադիր է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ հեռանկարի խնդիրների, նախ եւ առաջ` ազատ վիզային ռեժիմի հաստատման, ճգնաժամերի համատեղ հաղթահարման եւ էներգետիկ համագործակցության ամրապնդման վրա», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Բանակցությունների օրակարգում վրաց - ռուսական հարաբերությունների թեման առանձին կետով նշված չէ. այս հարցը ընդգրկվել է քննարկումների «Տարածաշրջանային հակամարտություններ» գլխում` Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի խնդիրների հետ մեկտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG