Մատչելիության հղումներ

Վրաստանում ողջունում են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը նոր էջ կբացի ոչ միայն երկու երկրների համար, այլեւ Հարավային Կովկասի երկրների համար, Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նման համոզմունք հայտնեց Վրաստանի նախագահի ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրդը:

«Պաշտոնական Թբիլիսին ողջունում է այն գործողությունը եւ այն հարաբերությունների ստեղծումը, որը կարող է բերել կայունություն Հարավային Կովկասում, եւ Վրաստանի իշխանությունները համոզված են, որ հայ - թուրքական հարաբերությունների դրսեւորումը կարող է իրոք օգտակար լինել Հարավային Կովկասի համար, ընդհանրապես` տնտեսական, քաղաքական կայունության համար», - ասաց Բայբուրդը` հավելելով. - «Սրանում համոզված են ոչ միայն Վրաստանի իշխանությունները, այլեւ շատ քաղաքական ուժեր»:

ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի գլխավորած «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր կազմակերպությունից չորեքշաբթի օրը «Կովկասպրես» գործակալությանը ասել են, որ ողջունում են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ հույս են հայտնել, որ դա կնպաստի Վրաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծմանը եւ տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ անվտանգության հաստատմանը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG