Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումների առաջարկ` Ադրբեջանի խորհրդարանում


Ադրբեջանի խորհրդարանի շենքը
Ադրբեջանի խորհրդարանի շենքը

Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցությունը առաջարկ է ներկայացրել Միլի մեջլիսին` խորհրդարանում հայ - թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` կուսակցությունը նաեւ առաջարկում է ետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին եւ վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաեւ պաշտոնական Անկարան:

«Եթե Հայաստանի հետ սահմանը բացվի մինչեւ ադրբեջանական հողերի ազատագրումը, դրանով Անկարան թիկունքից հարված կհասցնի Ադրբեջանին», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Ռովշան Հուսեյնովը եւ հավելել. - «Պաշտոնական Բաքուն պետք է կանխի Թուրքիայի իշխանությունների դավաճանական քայլերը, որոնք փաստացի հակասում են Ադրբեջանի շահերին»:

Հուսեյնովը նաեւ ասել է, թե իր ունեցած տեղեկություններով` Թուրքիայի իշխանությունները այժմ բանակցություններ են վարում ընդդիմության հետ եւ փորձում համաձայնության գալ հայ - թուրքական արձանագրությունները վավերացնելու շուրջ:

«Մենք թուրք ժողովդրի հետ որեւէ խնդիր չունենք, մենք կտրականապես դեմ ենք արտահայտվում Թուրքիայի իշխանություններին, որոնք կանգնել են Ադրբեջանին դավաճանելու ճանապարհին», - հայտարարել է Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG