Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ներկա կլինի հայ - թուրքական համաձայնության ստորագրմանը


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնելու է Ցյուրիխ, որտեղ ներկա կլինի հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված պատմական նշանակության համաձայնության ստորագրման արարողությանը։

Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների թվում են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու պետությունների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Կուշները եւ Սերգեյ Լավրովը։

Ըստ «Ռոյթերզ»-ի, Ցյուրիխում փաստաթղթի ստորագրմանը կմասնակցեն նաեւ Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են ստորագրել «դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու մասին համաձայնություն, որով վերջ կդրվի Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետեւանքով սկիզբ առած ու գրեթե մեկ դար շարունակվող թշնամանքին»։

DPA լրատվական գործակալությունը վկայակոչել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ով ասել է, որ «պետքարտուղարը Շվեյցարիա է մեկնում` հավաստելու մեր աջակությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացին, որը, մեր համոզմամբ, պատմական քայլ է թե' Թուրքիայի եւ թե' Հայաստանի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG