Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը»


Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, 27 սեպտեմբերի, 2009
Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, 27 սեպտեմբերի, 2009

«Ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը», - ուրբաթ օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքների մոտ մեկ հինգերորդը բռնազավթվել է, շուրջ մեկ միլիոն մարդ ենթարկվել է էթնիկ զտումների եւ դարձել փոխստական, բռնի տեղահանված, ադրբեջանական հազարավոր պատմամշակութային հուշարձաններ քանդվել են եւ ոչնչացվել», - ըստ «Թրենդ» գործակալության` ՄԱԿ-ի ամբոնից հայտարարել է Էլմար Մամեդյարովը եւ ընդգծել. - «Հայ - ադրբեջանական չկարգավորված հակամարտությունը վառ օրինակ է, թե ինչպես են խախտվում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»:

Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը ամրագրել են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ դատապարտել ուժի գործադրումը այլ պետության տարածքները գրավելու նպատակով, ճանաչել են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անքակտելի մաս եւ կոչ են արել անհապաղ եւ անվերապահ դուրս բերել հայկական զորամիավորումները Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից:

«Նույնն է նաեւ ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2008 թվականի մարտի 14-ին ընդունված բանաձեւը», - հայտարարել է Էլմար Մամեդյարովն ու ընդգծել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի այդ մոտեցումները «լիովին համընկնում են պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ, որը մշտապես հանդես է եկել խնդրի լուծման փուլային տարբերակի օգտին` պնդելով, որ դա է այս հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը»:

Էլմար Մամեդյարովը ընդգծել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք կարեւոր քայլեր. նախ` դուրս բերել հայկական զորքերը «գրավյալ» տարածքներից, վերականգնել այդ տարածքները, վերադարձնել փախստականներին ու բռնի տեղահանվածներին հայրենի բնակավայրեր եւ բացել բոլոր հաղորդակցության ուղիները. - «Դա թույլ կտա վերացնել հակամարտության հետեւանքները եւ հիմք կստեղծի տարածաշրջանում հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը մշակելու համար»:

Ադրբեջանի արտգործնախարարը իր ելույթում նաեւ նշել է, թե բանակցությունների ներկայիս գործընթացը որոշ հույսեր է ներշնչում կարգավորման շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար:

«Հայաստանի համաձայնությունը` հակամարտությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, քայլ առ քայլ կարգավորելու ուղղությամբ, դրական նշան է», - հայտարարել է Մամեդյարովը եւ հավելել. - «Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի իշխանությունների հետ` հանուն Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հաստատման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG