Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան. «Արձանագրությունների հետ կապված բոլոր գործողությունների մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»


Հայաստանի արտգործնախարարությունը պատշաճ ժամկետներում կտեղեկացնի հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետ կապված բոլոր գործողությունների, այդ թվում` ստորագրման ժամկետների մասին: Այդ մասին ասաց արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով թուրքական մամուլի հաղորդումները, թե արձանագրությունների ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին:

Նման տեղեկատվություն է տարածել, մասնավորապես, Milliyet թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Ըստ թուրքական թերթի` արձանագրությունները ստորագրելու են երկու երկրների արտգործնախարարները:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը չի հերքել, որ արձանագրությունները կարող են ստորագրվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ:

Երեկ մեկնաբանելով հաղորդագրությունը, թե արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 13-ին, Օզյուգերգինը ասել է. - «Մենք մեկ ամիս ունենք ... Կարծում եմ, ստորագրումը տեղի կունենա այդ ժամկետին մոտ ինչ-որ ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG