Մատչելիության հղումներ

Մոլդովայում կրկին խորհրդարան են ընտրում


Մոլդովայում չորեքշաբթի օրը խորհրդարան են ընտրում` վերջին երեք ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ:

Ապրիլին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տարել երկրի նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորած կոմունիստական կուսակցությունը` ստանալով խորհրդարանի 101 տեղերից 60-ը:

Ընդդիմությունը բողոքարկել էր պաշտոնական արդյունքները եւ գրոհել կառավարական շենքերը: Մի քանի ժամ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ շարունակված բախումներից հետո, սակայն, կոմունիստները կրկին վերահսկողության տակ էին առել իրավիճակը:

Ընդամենը մեկ ամիս անց սակայն` նախագահական ընտրությունների ժամանակ, կոմունիստները կրկին հայտնվեցին փակուղում. հաղթանակ տոնելու համար կոմունիստների առաջադրած թեկնածուին` Զինաիդա Գրեչանիին անհրաժեշտ էր 61 քվե, մինչդեռ կուսակցությունը խորհրդարանում ուներ մեկով պակաս տեղ: Խորհրդարան անցած մյուս երեք կուսակցությունները բոյկոտեցին եւ չմասնակցեցին քվեարկությանը թե’ առաջին եւ թե’ երկրորդ փուլերում:

Կուլիսային բազմաթիվ չհաջողված բանակցություններից եւ առաջարկներից հետո իշխանությունները ստիպված եղան լուծարել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել:

Եվրամիությունը եւ միջազգային կառույցները պաշտոնական Քիշնեւին հորդորում են այս անգամ խուսափել ապրիլյան սցենարից եւ ազատ, արդար ընտրություններ անցկացնել:

«Այս քվեարկությունը վճռորոշ քննություն է լինելու Մոլդովայի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Ամադու Ալթաֆայը: - «Նախ եւ առաջ, Մոլդովային է ձեռնտու ապացուցել ողջ միջազգային հանրությանը, որ երկիր է գործող ժողովրդավարությամբ: Դրանով է պայմանավորված ոչ միայն կայունությունը ներսում, քաղաքացիների բարեկեցությունը, այլեւ համագործակցությունը միջազգային կառույցների, այդ թվում` Եվրամիության հետ»:

Մոլդովայի ընդդիմությունը եւ անկախ փորձագետները, սակայն, իշխող կուսակցությունից ազատ եւ արդար ընտրություններ չեն ակնկալում:

«Ամենամեծ խնդիրը ոչ այնքան քվեարկությունն է, որքան դրան նախորդած անարդար նախընտրական արշավը: Կոմունիստների կողմից վերահսկվող լրատվամիջոցները ամիսներ շարունակ ուղեղների լվացում էին կատարում, վարչական լծակներն ու իրավապահները սպառնում էին մարդկանց բանտարկել կամ զրկել աշխատանքից», - ասել է տեղական «Հանուն ժողովրդավարության» ընկերակցության ներկայացուցիչ Իվոր Վոթանը:

Նախընտրական խախտումների մասին քվեարկության մեկնարկից ժամեր առաջ հաղորդեց նաեւ միջազգային դիտորդական կազմակերպություններից մեկը` Ընտրություններում մոնիտորինգ իրականացնող եվրոպական ցանցը: Պաշտոնական Քիշնեւը նախապես շուրջ 140 դիտորդ էր հրավիրել այս կազմակերպությունից, ի վերջո, սակայն, արտոնագրել ընդամենը 53-ին: Մուտքի թույլտվություն եւ մոնիտորինգ իրականացնելու իրավունք հատկապես չէին ստացել վրացի եւ ուկրաինացի պատվիրակները: Ավելի ուշ Մոլդովայի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, թե վրացիները վտանգավոր են Մոլդովայի համար` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG